Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Հայրության արձակուրդ

Հայրության արձակուրդի իրավունքը նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի  176.1-ին հոդվածով, որի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: Այսինքն, հայրության արձակուրդի հիմնական պայմաններն են.

·      Տևողությունը՝ 5 աշխատանքային օր։

·      Արձակուրդը վճարովի է։

·      Այն տրամադրվում է նորածնի հորը՝ նրա ցանկությամբ։

·      Հայրը կարող է օգտվել դրանից երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում։

· Յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։ 

Օրենսգրքի 171-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հայրության արձակուրդը դասվում է նպատակային արձակուրդների շարքին։ Նպատակային արձակուրդի, այդ թվում՝ հայրության արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի։ Վերջինս վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը՝ գործատուի լուծարման (գործունեության դադարման), պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում՝ պաշտոնից ազատվելու դեպքերում։