Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Ստանալ մայրության միանվագ նպաստ

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է։

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից։

Մայրության նպաստը նշանակվում, հաշվարկվում և վճարվում է Միասնական սոցիալական ծառայության կողմից․ նպաստ ստանալու համար շահառուն որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունի:

Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը պետք է դիմի համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ կստեղծվի էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ։

Հարկային մարմնի տեղեկատվական բազայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայությունը ինքնաշխատ եղանակով նշանակում, հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները:

Նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ, ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր՝ միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով։

Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվում է էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։

Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝

․ որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ

․ դատական ակտի հիման վրա, կամ

            ․ այն անձին, ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։