Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Տնային խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Տնային պայմաններում խնամքի դեպքում, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները՝

1) կենցաղային սպասարկում.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում։

 Շահառուի գնահատված կարիքների հիման վրա՝ տնային պայմաններում սույն նշված ծառայություններից բացի, կարող են տրամադրվել նաև՝

1) խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված հոգեկան առողջության վերականգնմանը և նրա ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.

2) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ).

3) հոգեբույժի պարբերական հսկողություն։

Տնային պայմաններում խնամք ստացող անձինք, ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, դասակարգվում են երկու խմբի, որոնց նկարագրերը, տրամադրվող խնամքի ձևաչափը և հաստիքային միավորները սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից։

Ովքե՞ր կարող են դիմել

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող և չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Դիմելու կարգ

Խնամքի ծառայությունների տրամադրման համար դիմումի ներկայացումը, հերթագրումն ու ուղեգրումն իրականացվում է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի միջոցով: Խնամքը տրամադրվում է խնամքի ծառայության տրամադրման համար ներկայացված դիմումի հիման վրա: Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը։

Խնամքի ծառայություն ստանալու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել e-social.am հարթակ, ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանը, ապա անցնել «Խնամքի ծառայությունների հերթագրում» բաժին։ Անհատական օգտահաշիվ չունենալու պարագայում անհրաժեշտ է գրանցվել կամ նույնականացվել «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ապա լրացնել խնամքի ծառայությունների հերթագրման դիմումը՝ ընտրելով համապատասխան խնամքի տեսակը և կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները։

Դիմումի հաստատումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց՝ կարիքների գնահատման նպատակով, ինչի արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ խնամքի մերժման վերաբերյալ։ 

Դրական որոշման դեպքում քաղաքացին ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղի առկայության պարագայում համակարգն ինքնաշխատ կերպով ձևավորում է ուղեգիր, որը ուղարկվում է քաղաքացու անձնական օգտահաշվին և էլեկտրոնային հասցեին։ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խնամքի տրամադրման համար ներկայացված առցանց դիմումի հիման վրա խնամք հայցող անձի տվյալները փոխանակվում կամ ստացվում են համապատասխան տեղեկատվական շտեմարաններից: Տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացվում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստացում՝ ինքնաշխատ եղանակով։

          Փաստաթղթերի ներբեռնումը կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ պետական կամ այլ տեղեկատվական շտեմարաններից փոխգործելիության միջոցով, և ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության պարագայում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես՝

1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող՝ ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.

2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.

3) ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք

 

Տարեցների հիմանահարցերի ոլորտում 2026 թվականի դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ

 

Կազմակերպության անվանումը

Ծառայության անվանումը

Համագործակցության ձևը

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

ՀՀ 6 մարզում (Արարատ,Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք, Լոռի, Շիրակ) և Երևանում

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում մասնագիտացված խնամքի ծառայություններ (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար)

Երևան, Կոտայք ,Շիրակ, Գեղարքունիք

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

ՀՀ 4 մարզում (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Արարատ) 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

Արմավիրի մարզ

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

Երևան

«Համագործակցության-Կամար» ԲՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

Սյունիքի մարզ

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

ՀՀ 4 մարզում՝ Տավուշ, Արագածոտն, Վայոց Ձոր, Գեղարքունիք:

Դիմել կարող են՝

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող և չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց։

Անհրաժեշտ փաստաթղթեր

1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող՝ ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.

2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.

3) ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք