Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Փոխվել են «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումն ու գործառույթները

նոյեմբեր 12, 2026

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոխվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի անվանումը։ Այսուհետ այն կգործի «Խարբերդի խնամքի կենտրոն» անվանմամբ։ 

Փոփոխություններ են կատարվել նաև հաստատության գործունեության շրջանակում․հստակեցվել են գործառույթները, շահառուների շրջանակը և մատուցվող ծառայությունների տեսակները։ 

Ընդունված փոփոխությունների նպատակն է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասցեականությունն ու հասանելիությունը, նպաստել շահառուների սոցիալական ներառմանն ու կյանքի որակի բարելավմանը։ 

Նոր կարգավորումների համաձայն՝ «Խարբերդի խնամքի կենտրոնը» շուրջօրյա խնամքի ծառայություններ և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան կապահովի կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող՝ առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար։ 

Բացի այդ, կենտրոնում համապատասխան ծառայություններ կտրամադրվեն թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։