Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Քննարկվել են անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները

նոյեմբեր 12, 2026

Տեղի է ունեցել «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ թեմատիկ հանրային քննարկում։

Քննարկման նպատակն էր ներկայացնել առաջարկվող փոփոխությունները, դրանց հիմնական դրույթները և ծառայության տրամադրման գործընթացի կատարելագործմանն ուղղված մոտեցումները։

Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի քաղաքականության բաժնի պետ Աննա Հակոբյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ շահագրգիռ կողմեր։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են անձնական օգնականի ծառայության կարևորությունը հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույնության, անկախ կյանքի և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման գործում։

Անդրադարձ է կատարվել առաջարկվող կարգավորումներին, դրանց կիրառման առանձնահատկություններին և ծառայության մատուցման գործընթացում առկա հարցերին։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան, քննարկվել են մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները։

 

Հանրային քննարկումը կազմակերպվել էր Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ։