Նորություններ
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է մարդասիրական օգնության, զարգացման և խաղաղության փոխկապակցվածության թեմայով աշխատաժողովին
նոյեմբեր 25, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն այսօր մասնակցել է մարդասիրական օգնության, զարգացման և խաղաղության փոխկապակցվածության թեմայով (Humanitarian-Development-Peace Nexus in Armenia: Way Forward) աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց ուղղված ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության պետական ծրագրերի ընթացքին, արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և նախատեսվող փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։
Իր ելույթում Լուսինե Քոչարյանն ընդգծել է տեղահանված անձանց կարիքներին համարժեք և երկարաժամկետ լուծումների կարևորությունը՝ հատկապես զբաղվածության հնարավորությունների ընդլայնման և սոցիալական կայունության տեսանկյունից։
Աշխատաժողովի շրջանակում անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղահանված անձանց բնակապահովման և կենսաապահովման ծրագրերի իրականացմանը, առկա խնդիրներին և հետագա անելիքներին։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից։