Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համատեքստում. բարեգործությունից դեպի երկարաժամկետ ազդեցություն» խորագրով պանելային քննարկմանը

նոյեմբեր 07, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համատեքստում. բարեգործությունից դեպի երկարաժամկետ ազդեցություն» խորագրով պանելային քննարկմանը։
 
Քննարկմանը մասնակցել են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Խրիմյանը, AMAA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
 
Զրույցի ընթացքում քննարկվել են բարեգործական նախաձեռնությունների երկարաժամկետ ազդեցության ապահովմանը, Հայաստանի զարգացման առաջնահերթություններին դրանց համապատասխանեցմանը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
 
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է աշխատանքի և բարեկեցության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ ընդգծելով սոցիալական ռիսկերի վաղ բացահայտման, խոցելիության կանխարգելման և ընտանիքների տնտեսական ակտիվության վերականգնմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
 
Այս համատեքստում Ռոզա Բաբայանը կարևորել է նաև Սփյուռքի ներուժի ներգրավման դերը` միջազգային փորձի փոխանակման, նորարարական սոցիալական ծառայությունների մշակման, մասնագիտական կարողությունների զարգացման և արդյունավետ մոդելների ներդրման գործում։