Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը

նոյեմբեր 03, 2026
Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնին ընդառաջ մեկնարկել է «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը։
Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում սոցիալական ծառայությունների աշխատուժի, մասնագիտական կարողությունների զարգացման, սոցիալական աշխատանքի կրթության որակի բարձրացման, սուպերվիզիայի համակարգի ներդրման ու կատարելագործմանն առնչվող հարցեր։
 
Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, սոցիալական աշխատողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
 
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական աշխատողների մասնագիտական կրթության կատարելագործման, վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման և սուպերվիզիայի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ այն կարևոր նշանակություն ունի մասնագետների աշխատանքային կարողությունների ամրապնդման, մասնագիտական դժվարությունների հաղթահարման և ծառայությունների որակի բարելավման տեսանկյունից։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև պետական կառույցների, կրթական հաստատությունների, միջազգային գործընկերների և մասնագիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը՝ սոցիալական աշխատանքի միասնական մասնագիտական չափանիշների ձևավորման և ոլորտի կայուն զարգացման նպատակով։
 
Պանելային քննարկումների ու աշխատարանների ընթացքում քննարկվել են սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի իրավական հիմքերը, սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման նորարարական մոտեցումները, սուպերվիզիայի կազմակերպման մեխանիզմներն ու այլ հարցեր։ Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» համատեղ ծրագրի շրջանակում։