Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին

նոյեմբեր 17, 2026
Սկանդինավյան երկրների նախարարների խորհրդի (The Nordic Council of Ministers) հրավերով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է նոյեմբերի 16-17-ը Կոպենհագենում անցկացվող Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովին։
 
Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի առաջատար փորձագետներ՝ օրակարգային թեմաների շուրջ միջազգային երկխոսության, առկա մարտահրավերների քննարկման և արդյունավետ փորձի փոխանակման նպատակով։
 
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով գենդերային հավասարության ապահովման, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղություններով ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունն ու սահմանված առաջնահերթությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց անվտանգության, տնտեսական անկախության, որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։ Արսեն Թորոսյանը խոսել է նաև ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի հավասարակշռման անհրաժեշտության, ինչպես նաև երեխա ունեցող կանանց աշխատավայրում տրվող արտոնությունների, մայրության և աշխատանքի համատեղմանն ուղղված օրենսդրական կարգավորումների մասին։
 
Գագաթնաժողովի շրջանակում նախարար Թորոսյանը կարճատև զրույց է ունեցել Ֆինլանդիայի սոցիալական ապահովության նախարար Կարոլինա Պարտանենի, Դանիայի աշխատանքի և գենդերային հավասարության նախարար Անե Հալսբոե-Յորգենսենի ու Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Նատալյա Պլուգարուի հետ։
 
Զրույցների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։