Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Հանրային քննարկման է ներկայացվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները

նոյեմբեր 25, 2026

Այսօր մեկնարկող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Նախագծով սահմանվում են Թեժ գծի գործարկման և սպասարկման, դիմումների ընդունման ու արձագանքման, իրավիճակի նախնական գնահատման, աջակցության կենտրոնների և ապաստարանների հետ կապի ապահովման, դիմումների հաշվառման ու տեղեկատվության գաղտնիության պահպանման կանոնները։

Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։

Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել՝ «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10971 :