Կառավարությունը կընդլայնի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը
հոկտեմբեր 22, 2026
Կառավարությունը կընդլայնի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը․ այսօրվա նիստում հավանության է արժանացել համապատասխան նախագծերի փաթեթը։
Ըստ այդմ, օրենքով սահմանված հատուցման դեպքերի շրջանակը կընդլայնվի՝ ներառելով նաև 1998–2007 թթ․ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։ Տվյալ ժամանակահատվածը հատուցման դեպք որակելու համար հիմք կընդունվեն զինծառայողի անձնական գործում առկա համապատասխան փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը կամ դատական կարգով հաստատված հանգամանքները։
Նշենք, որ գործող կարգավորումներով` մինչև 2017 թ․ հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով վնասվածք ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին պետական բյուջեից տրամադրվում է զինվորական կենսաթոշակ և պարգևավճար։
2017 թ․ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերով «Զինապահ» հիմնադրամի կողմից խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում են հատուցման գումարներ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների հիման վրա հատուցումներ են վճարվում են նաև 2008–2016 թթ․ տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված դեպքերի համար։ Ընդ որում, պետական բյուջեից տրվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի գումարը հիմնադրամը լրացնում է այնքան, որ դրանց հանրագումարը հավասար լինի նույն հատուցման դեպքով տրվող գումարին։
Նախագծերի փաթեթն առաջիկայում սահմանված ընթացացակարգով կներկայացվի Ազգային ժողով։