Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

հոկտեմբեր 22, 2026
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված պետական աջակցության մեկ միասնական մոդել և նոր գործիքներ։
 
Մասնավորապես, շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ էլեկտրոնային վաուչեր, որը կարող է իրացվել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից՝ տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ միայն 1 անգամ։
Վաուչերով դասընթացի մասնակցած և ավարտական վկայական ստացած անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝
գործատուներին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝
աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը,
աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը։
 
Շահառուներին կտրամադրվի նաև միանվագ աջակցություն՝ շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակելու դեպքում՝
աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100,000 դրամի չափով,
աշխատանքային հարաբերությունները 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200,000 դրամի չափով։
 
Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և բարեկեցության նախարարության e-work.am հարթակի միջոցով։ Ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։