Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

հոկտեմբեր 20, 2026

Աշխատանքի և բարեկեցության նախարարի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համատեղ հրամանով հաստատվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

- Հեռուստա/ռադիո արտադրանք,

- Տպագիր և էլեկտրոնային նյութեր։

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։

Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ։

Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝

- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ,

- հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն),

- կանխարգելիչ համատեքստ,

- լրագրողական վարքականոնի պահպանում,

- նյութում առկա տեղեկատվության հավաստիություն,

- հրապարակված նյութերի տեղը և ժամանակահատվածը։

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և մրցանակաբաշխությանը չեն մասնակցում։

Մրցանակաբաշխությանը ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ։ Ընդունվում են միայն 2026 թվականին հրապարակված նյութերը։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել lusine.kalashyan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը։

Ուշադրություն․ հայտը ներկայացնելիս անհրաժեշտ է նշել կոնտակտային հեռախոսահամար՝ հետադարձ կապ հաստատելու համար։

Մրցանակաբաշխության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանվում են I, II և III մրցանակային տեղեր։

Հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝

- I տեղի համար՝ 300.000 դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը),

- II տեղի համար՝ 250.000 դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը),

- III տեղի համար՝ 200.000 դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը)։