Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

COP17-ի շրջանակում ԱԲ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կենսաբազմազանության համար արդար անցման վերաբերյալ» խորագրով պանելային քննարկմանը

հոկտեմբեր 19, 2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն այսօր մասնակցել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կենսաբազմազանության համար արդար անցման վերաբերյալ» խորագրով պանելային քննարկմանը։
 
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի ծառայությունների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդները, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, Համաշխարհային բանկի ավագ խորհրդատու Իրինա Ղափլանյանը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական զարգացման, զբաղվածության, սոցիալական արդարության և կենսաբազմազանության պահպանության համատեղ ապահովմանը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալ-տնտեսական ընդհանուր նպատակների փոխլրացմանն ուղղված ներառական քաղաքականությունների մշակմանն առնչվող մի շարք հարցերի։
 
Իր ելույթում Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ «կանաչ» անցումը ենթադրում է ոչ միայն բնապահպանական և տեխնոլոգիական փոփոխություններ, այլև աշխատաշուկայի ու սոցիալական քաղաքականության վերափոխում։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է զբաղվածության արդյունավետ քաղաքականության իրականացմանը, մասնագիտական կրթության զարգացմանը, աշխատողների վերապատրաստմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։
 
Նախարարի տեղակալը նշել է նաև, որ արդար անցումը պետք է ապահովի արժանապատիվ և անվտանգ աշխատանք, սոցիալական պաշտպանություն և հավասար հնարավորություններ բոլորի համար․ այս համատեքստում կարևորվել է նաև սոցիալական գործընկերությունը՝ որպես աշխատողների ու գործատուների շահերի հավասարակշռման կարևոր նախապայման։