Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում մասնակցել է Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը

հոկտեմբեր 13, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված՝ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։
 
Հանդիպման ընթացքում Ղարաբաղից տեղահանված անձինք բարձրացրել են ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացին, բնակապահովման պետական աջակցության ծրագրին, տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառմանը և մի շարք այլ գործընթացների առնչվող հարցեր։
 
Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրականացվում են շարունակական աշխատանքներ։ Մասնավորապես՝ ծրագրի շրջանակում պարբերաբար աճում է դիմումների թիվը, շարունակվում է նաև հավաստագրերի իրացման գործընթացը, իսկ դրական մնացորդի առկայության դեպքում շահառուները շարունակում են հավաստագրով նախատեսված գումարն օգտագործել սահմանված ուղղություններով։
 
Նախարարը շեշտել է նաև, որ ըստ անհրաժեշտության, վերանայվում են տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի գործող մոտեցումներն ու մեխանիզմները․ միաժամանակ աշխատանքներ են տարվում միջոցառումների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև առկա խնդիրները կարգավորելու ուղղություններով։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել մասնակիցների կողմից ներկայացված մի շարք առաջարկների քննարկման ուղղությամբ։