keyboard_arrow_left
Նորություններ
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է ԱԺ արտահերթ նիստին
հոկտեմբեր 12, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նախարարի տեղակալը նշել է, որ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 880 միլիոն ամերիկյան դոլար, որի իրականացումը պահանջում է ինչպես պետական բյուջեի միջոցներ, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցություն․ «Ծրագիրը նախատեսված է մի կողմից՝ շարունակելու տեղահանված անձանց բնակարանային աջակցության հնարավորությունները, մյուս կողմից՝ ստեղծելու ավելի երկարաժամկետ և կայուն հիմք Հայաստանի բնակարանային շուկայի և հիփոթեքային համակարգի զարգացման համար»։
Ըստ Լուսինե Քոչարյանի՝ ծրագրի շրջանակում կանխիկ աջակցության շահառու կդառնան մոտ 45.000 տեղահանված անձինք, իսկ 6500 տեղահանված ընտանիք կստանա բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը: