keyboard_arrow_left
Նորություններ
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է APSP Week 2026 համաժողովին
հոկտեմբեր 08, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցում է հոկտեմբերի 6-8-ը Մանիլայում անցկացվող «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սոցիալական պաշտպանության շաբաթ 2026. հզորացված կյանքեր, դիմակայուն ապագաներ» (APSP Week 2026) խորագրով համաժողովին։
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախաձեռնությամբ իրականացվող միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականության մշակողներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Համաժողովի օրակարգում ներառված են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների սոցիալական պաշտպանության համակարգերի զարգացման արդի միտումների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ աղքատության և անհավասարությունների նվազեցման, սոցիալական ներառման խթանման, սոցիալական պաշտպանության համակարգերի դիմակայունության և կայունության ամրապնդման վերաբերյալ։ Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են նաև աղքատության և սոցիալական ներառմանն առնչվող մարտահրավերներին՝ դիտարկելով դրանց կարգավորման արդյունավետ քաղաքականություններն ու գործիքները։
Համաժողովի շրջանակում Լուսինե Քոչարյանը որպես բանախոս մասնակցել է «Ինքնուրույնության խթանում․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառող սոցիալական պաշտպանության համակարգեր» խորագրով նիստին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության համակարգի ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մանրամասնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղություններով իրականացվող աշխատանքները։