keyboard_arrow_left
Նորություններ
Արտագնա սեմինար-քննարկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ աշխատանքի և բարեկեցության ոլորտի վերջին բարեփոխումների վերաբերյալ
սեպտեմբեր 14, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 12-13-ին կազմակերպել էր արտագնա սեմինար-քննարկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ աշխատանքի և բարեկեցության ոլորտի վերջին բարեփոխումների վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում բանախոսություններով են հանդես եկել Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը, Լուսինե Քոչարյանը, Ռոզա Բաբայանը, Եվրոպայի խորհրդի գործընկերներ։
Բանախոսություններին հաջորդել է թեմատիկ հարցուպատասխան, որի ընթացքում լրագրողները տվել են ներկայացվող թեմաների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը․ քննարկումներին մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության ղեկավար կազմը։
Իր խոսքում նախարար Թորոսյանը կարևորել է ոլորտային բարեփոխումների ընթացքի, առաջիկա նախաձեռնությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձր մակարդակը՝ նշելով դրանում ԶԼՄ-ների կարևոր դերը։ Նախարարը պատասխանել է ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Երկօրյա սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել կենսաթոշակային ապահովության, ժողովրդագրության ոլորտներին, զբաղվածության, բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագրերին, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգին։
Քննարկման ավարտին մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ բաց և մասնագիտական երկխոսության, տեղեկատվության փոխանակման և համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է։