Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացել է ԱԲ նախարարության 2027թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը

նոյեմբեր 03, 2026

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2027 թ․ ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը և նախատեսված բյուջեն։ 
Նախարարը նշել է, որ 2027 թ․ ԱԲ նախարարության բյուջեն կազմում է 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ, որը 91 միլիարդ դրամով ավելի է, քան 2026 թ․ հաստատված բյուջեն։ 

Մասնավորապես, բյուջեի շրջանակում՝

• «Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրի իրականացման համար նախատեսվում է տրամադրել 10 միլիարդ 489 միլիոն դրամ, որի շրջանակում պարգևավճարներ կստանա 37,300 շահառու: 
• «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական խմբերի աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 16,7 միլիարդ դրամ։
• Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրին նախատեսվում է ուղղել 6 միլիարդ դրամ, որն ավելի է 2026 թ․ հաստատված բյուջեից 346 միլիոն դրամով։ Ծրագրում ներառված են շուրջօրյա, ցերեկային, տնային պայմաններում խնամքի ծառայություններ և այլն։
• Ժողովրդագրական վիճակի բարելավմանը միտված ծրագրին 2027 թ․ նախատեսվում է հատկացնել 83,4 միլիարդ դրամ. բյուջեի հատկացումները 2026 թ․ համեմատ կավելանան 357 միլիոն դրամով: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստները։
• Անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցությանը վերաբերող ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29,8 միլիարդ դրամ, որը 2026 թվականի համեմատ ավելի է 3,8 միլիարդ դրամով: Ծրագրով նախատեսվում է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստները, մայրության նպաստը և աշխատանքի ընթացքում առողջությանը հասցված վնասների փոխհատուցումը։
• Զբաղվածության ծրագրի համար նախատեսվել է 2,93 միլիարդ դրամ։
• Բնակարանային ապահովման ծրագրին նախատեսվում է ուղղել 19,8 միլիարդ դրամ. աճը կազմել է 4,2 միլիարդ դրամ և այլն։ 
Նիստի ընթացքում հնչել են հարցեր կենսաթոշակային ապահովության ոլորտի, աջակցող միջոցների տրամադրման, կուտակային կենսաթոշակի տրամադրման ընթացակարգի, Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերի, խնամատարության ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Թորոսյանն անդրադարձել է բարձրացված հարցերին՝ տալով անհրաժեշտ պարզաբանումներ։