Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները
նոյեմբեր 27, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները:
Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի այս ձևաչափով հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով՝ ոլորտի ընթացիկ վիճակը քննարկելու, կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոլորտում առկա խնդիրները բնորոշ են շատ երկրներին, այդ թվում՝ զարգացած։ «Այն նույն պրոբլեմները, որոնք այսօր կան Հայաստանում, բոլոր տեղերում էլ կան։ Մեզ մոտ քննարկումներում, երբեմն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե աշխարհն այդ պրոբլեմը լուծել է, մենք այդպես մնացել ենք նույն կետում կանգնած։ Բացարձակապես այդպես չէ, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ամենաբարձր ստանդարտ ունեցող երկրներում ճշգրիտ նույն պրոբլեմները կան, ինչ Հայաստանում», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ արձանագրումը կարևոր է նաև քննարկումն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն հետևողական քայլերով. «Ընդ որում՝ ոչ մեծ քայլերով, որովհետև եթե մեծ քայլերի ամբիցիա դնենք մեր առաջ, միանշանակ այդ քայլերը ձախողվելու են, այդ թվում՝ իմ նշած օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Խնդիրը հետևյալն է, որ հետևողականորեն փոքր քայլերով գնանք առաջ, որովհետև այստեղ էլ գործում է այն տրամաբանությունը, որ արագ փոփոխությունների ճանապարհը դանդաղ, բայց հետևողական քայլերն են։ Ես այդ ասացվածքը նորից մեջբերեմ՝ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»»։
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության քաղաքական հանձնառությունն անսասան է՝ ոլորտում առկա խնդիրները հետևողականորեն լուծելու հարցում։
Հաջորդիվ զեկուցվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառման ապահովմանն ուղղված՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի առաջընթացի վերաբերյալ: Աշխատանքներն իրականացվել են՝ ի կատարում նախորդ նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծման քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները: «Իհարկե, անելիքները շատ են, բայց մենք աստիճանաբար շարժվում ենք դրանք իրագործելու, խնդիրները լսելու և ուղղելու տրամաբանությամբ։ Ինձ թվում է՝ 2026 թվականն այդ առումով բավական արդյունավետ է եղել, որովհետև բացի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններից, շատ կարևոր են նաև հարակից ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները։ Ուզում եմ հատուկ նշել առողջության ապահովագրության համակարգի ներդրումը, որովհետև դրանով ոչ միայն ընդլայնել ենք մեր բազմաթիվ քաղաքացիներին տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը և ծավալը, հատկապես երրորդ խմբի և ֆունկցիոնալության միջին աստիճան սահմանափակում ունեցող անձանց տրամադրվող ծառայությունը, այլև բազմաթիվ մեր քաղաքացիների փաստացի ապախրախուսել ենք, որպեսզի իրենք ցանկանան արհեստականորեն ստանալ հաշմանդամություն։ Օրինակ՝ 2025-ի համեմատ՝ 2026 թվականի առաջին 10 ամիսների համար ունեցել ենք հաշմանդամություն կարգ ստանալու 4500-ով ավելի քիչ դիմում և մոտ 2000-ով պակաս գնահատում»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ ապրիլի 1-ից բարձրացվել են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մնացած բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների նպաստը, ընդլայնվել են աջակցող միջոցների տրամադրումը։ 2026 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ 17 000 քաղաքացու տրամադրվել է 35 979 աջակցող միջոց։ Նախորդ տարվա համեմատ ծառայությունից օգտվող շահառուների թիվն ավելացել է շուրջ 1 000-ով, իսկ տրամադրված աջակցող միջոցների թիվը՝ 2 000-ով։ «Նաև ընդլայնել ենք աջակցող միջոցների տրամադրվող տեսակները, համալրել ենք թանկարժեք ֆունկցիոնալ պրոթեզներով, նորարարական տեղորոշման սարքերով, հաղորդակցման սարքերով՝ կախված արդեն հաշմանդամության տեսակից։ Մեր հաջորդ քայլերից է լինելու այդ միջոցների տրամադրման կիսաթվային համակարգն ամբողջական թվային համակարգով փոխարինելով, որը նաև թափանցիկություն և արդյունավետություն է հաղորդելու դրան»,- ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարարը։
Նախարարը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունների ձևավորման տեսանկյունից, կարևորել է անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը և շարունակական զարգացումը. «Կառավարության ծրագրում հատուկ գրել ենք, որ 2000 անձնական օգնականի հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 457 այդպիսի գործող ծրագիր և նաև աշխատում ենք այդ ծրագրի փոփոխությունների ուղղությամբ, որպեսզի այն լավարկենք»։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցին՝ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ նախորդ նիստի հանձնարարականի կատարմամբ մշակվել և հաստատվել է Կառավարության համապատասխան որոշումը, որով նախատեսվում է 2027 թ.–ի հունվարի 1-ից գործարկել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց մրցունակությունն աշխատաշուկայում, խրախուսել գործատուներին նրանց աշխատանքի ընդունելու հարցում և նպաստել կայուն զբաղվածության ապահովմանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից շտապ արձագանքման ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել են միջազգային փորձը և տարբեր երկրներում կիրառվող տեխնոլոգիական լուծումները։ Ըստ Անահիտ Ավանեսյանի, առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ՓԲԸ նոր շենքը, որտեղ կտեղակայվեն օպերատիվ կառավարման ենթակառուցվածքները։ Նոր շենքի կառուցմամբ կլուծվեն ծառայության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական ենթակառուցվածքների բարելավման և թվային գործիքների արդիականացման հետ կապված խնդիրները։ Ըստ նախարարի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար բժշկական հաստատությունների մատչելիության ապահովման նպատակով ներկայում իրականացվող կապիտալ շինարարական ծրագրի շրջանակներում կառուցված, կառուցվող և վերակառուցվող բժշկական հաստատությունները հարմարեցվել և հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի մուտքի, ելքի, հաստատություններում ազատ տեղաշարժի, սանհանգույցներից օգտվելու հնարավորություններով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը զեկուցել է, որ սահմանվել են պետական համակարգի մարմինների, անկախ և ինքնավար մարմինների, ինչպես նաև համայնքների պաշտոնական կայքէջերին, դրանց սպասարկմանը և անվտանգությանը ներկայացվող պարտադիր միասնական նվազագույն պահանջները: Մասնավորապես, տեղեկատվական համակարգերի մատչելիության ապահովման ուղղությամբ սահմանվել է, որ պաշտոնական կայքէջի բովանդակությունը պետք է լինի հասկանալի և հասանելի բոլոր օգտատերերի համար՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, անկախ բովանդակությունից օգտվելու նրանց եղանակից։ Ըստ նախարարի՝ ծառայությունների թվայնացման ուղեցույցին և որոշման պահանջներին համապատասխան գործարկվել է 39 կայքէջ, այդ թվում՝ ՀՀ Կառավարության և 8 նախարարությունների։ Ընթացիկ փուլում են գտնվում ևս 17 կայքէջերի մշակման աշխատանքները։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել է ուսումնական հաստատությունների ֆիզիկական մատչելիության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների խելամիտ հարմարեցումների մշտադիտարկման ու արդյունավետության գնահատման գործիքակազմ։ Մշտադիտարկումն իրականացվում է փուլային՝ 2026–2027 թվականներին՝ ընդգրկելով ԿԱՊԿ և/կամ հաշմանդամություն ունեցող սովորողներ ունեցող դպրոցները։ Ժամանակացույցով նախատեսված է ընդհանուր 1050 հաստատություն՝ 2026 թ.՝ 522, 2027 թ.՝ 528։ Տվյալները հավաքագրվել են դիտարկումների, այդ թվում՝ դասապրոցեսի ընթացքում, փաստաթղթերի ուսումնասիրության և կիսակառուցվածքային հարցազրույցների միջոցով՝ ստանդարտացված գործիքակազմով, ապա ենթարկվել քանակական ու որակական վերլուծության։ «Ընդհանուր առմամբ, մեր խնդիրներն առավելապես մնում են ֆիզիկական միջավայրի մատչելիության հատվածում, ինչ վերաբերում է խելամիտ հարմարեցումներին, հատկապես բովանդակության և որակի մասով, իրավիճակն ավելի բարվոք է։ Կարևոր է, որ այս տեղեկատվությունը շատ մանրամասն է և մեզ հնարավորություն է տալիս, այնուհետև յուրաքանչյուր հաստատության մակարդակով ունենալ գործողությունների պլան և գնալ ընդհանուր մատչելիության և նաև խելամիտ հարմարեցումների ամբողջական ապահովման ճանապարհով։ Հաջորդ տարի ևս 500 հաստատությունում աշխատանքները կիրականացնենք ու կարծում եմ, որ արդեն կկարողանանք նաև յուրաքանչյուր հաստատությունում արձանագրված հարցերի շուրջ աշխատանք իրականացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանը կարևոր ձեռքբերումներից առանձնացրել է Երևանի պետական հումանիտար քոլեջում ներդրված նոր կրթական ծրագիրը. «Այն հայերենի ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրն է։ Սա համատեղ աշխատանք է, մենք արդեն ունենք ուսանողներ, որոնք սովորում են այս ուղղությամբ և գալու են համալրելու կադրային այն պահանջարկը, որը կար և որի մասին շարունակաբար բարձրաձայնվում էր»։
Նախարարն անդրադարձել է նաև ներառական կրթությանը և նշել, որ այդ ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքները բավական լավն են. «Խոսքը ռեսուրս սենյակների ծրագրի մասին է, որ երեք դպրոցներում փորձարկել ենք։ Երկու տարվա արդյունքները ցույց են տալիս, որ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակումներ ունեցող երեխաների արդյունավետ ընդգրկումն էապես բարձրանում է, և այժմ կարող ենք Կառավարության քննարկմանը ներկայացնել այս մեթոդով կոնկրետ դպրոցներում աշխատանքի մեխանիզմ»։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում, մշակույթում ավելի ակտիվորեն ներգրավելու կարևորությունը և տեղեկացրել, որ այս օրերին Ծաղկաձորում անցկացվում է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը 12 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր հերթին ներկայացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները, ստացված գրավոր և բանավոր դիմում-բողոքները, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված ահազանգերը վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի ապահովման տեսանկյունից շարունակում են արդիական մնալ մի շարք համակարգային խնդիրներ: Անկախ ապրելու իրավունքի երաշխավորման համատեքստում՝ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումները դեռևս վերանայված չեն և ներդրված չէ աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմ։
Հաջորդիվ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, իրականացվող ծրագրերի լավարկման և ընդլայնման, հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղել գործադիր իշխանության ներկայացուցիչներին և ստացել պարզաբանումներ։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են նաև առաջարկություններ և դիտարկումներ։
Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով աշխատանքների հետևողական իրականացումը և հանձնարարել շարունակել դրանք՝ հաշվի առնելով նաև քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները։