Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

2027 թ․ հուլիսի 1-ից կմեկնարկի բնակապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար

նոյեմբեր 05, 2026

2027 թվականի հուլիսի 1-ից կմեկնարկի բնակարանային ապահովման նոր ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար․ ծրագրի շրջանակում պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բնակարանի ձեռքբերման կամ սեփական տան կառուցման համար տրամադրվող աջակցությունը։ 

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Որքա՞ն աջակցություն կտրամադրվի։

Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար ընտանիքը կստանա 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան գնելու կամ տուն կառուցելու նպատակով։ Իսկ եթե ընտանիքը որոշի բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել գյուղական բնակավայրում, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որն էլ հնարավոր կլինի օգտագործել՝
. կառուցապատման համար նախատեսված կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով, կամ
. վերանորոգման վարկի ստացման համար, կամ
. կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով։


Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից։

Ծրագրից օգտվելու հիմնական պայմաններն են՝
. 2027 թ․ հուլիսի 1-ի դրությամբ ունենալ առնվազն 6 անչափահաս երեխա,
. ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ,
. անշարժ գույքը պետք է ձեռք բերվի կամ կառուցվի Հայաստանի որևէ մարզային բնակավայրում,
. ձեռք բերվող կամ կառուցվող գույքի բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քմ-ից,
. շահառուն, գրանցված ամուսնության դեպքում նաև ամուսինը, պետք է ներկայացնեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագիր․ եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը,
. ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 2 տարվա ընթացքում շահառուն (ամուսնության դեպքում՝ նաև ամուսինը) չպետք է ունենա 50 մլն դրամը գերազանցող կադաստրային արժեք ունեցող բնակելի անշարժ գույք կամ դրա գնման իրավունք, որում սեփականության մասնաբաժինը 50 տոկոս կամ ավելի է,
. ընտանիքը չպետք է լինի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կամ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովման ծրագրերի շահառու։