Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիր
Շահառուները «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձինք են։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցության 3 ուղղություն՝
- մինչև 5 ամիս տևողությամբ իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում և աշխատանքային պայմանագրի կնքում առնվազն 6 ամիս ժամկետով (պետության կողմից գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամի չափով, ինչպես նաև տրամադրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, վեց ամիս ժամկետով),
- շահառուի համար գործատուի մոտ կազմակերպել աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ՝ կնքելով աշխատանքային պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով (պետության կողմից փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ 3 ամիս ժամկետով, ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով),
- գործատուին մասնակի փոխհատուցման տրամադրում (աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում գործատուին տրվում է փոխհատուցում` ամսական կտրվածքով, վեց ամիս ժամկետով, տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը, իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ ամսական կտրվածքով, 12 ամիս ժամկետով, տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը):